Bild-ին տված հարցազրույցում Եվրոպայի ամենաերիտասարդ վարչապետ Սեբաստիան Կուրցը պատմում է` ինչպես է պայքարելու անօրինական միգրացիայի դեմ և ո՞րն է Ավստրիայի դերը` իբրև կամուրջ Արևելքի ու Արևմուտքի միջև։ Եվրոպան ճաքեր է տալիս` բրիտանացիները հեռանում են, չեն բացառվում պատժամիջոցներ Լեհաստանի դեմ, եվրոպացիները լեզու չեն գտնում միգրացիայի հարցում։
«Մենք պետք է այդ ամենը հաղթահարենք, այլապես տուժելու են բոլորը,-համոզված է Ավստրիայի 31-ամյա վարչապետը, որ նոր է ստանձնել պարտականությունները։- Մեզ պետք է ուժեղ ու միասնական Եվրոպա, որպեսզի երաշխավորենք և Ավստրիայի, և Գերմանիայի բարեկեցությունը։ Առաջին հերթին պետք է սրբագրենք միգրացիոն քաղաքականության սխալները»։ «Նախ միայն արտաքին սահմանների հուսալիության դեպքում մենք կարող ենք բաց պահել սահմանները ԵՄ-ի ներսում։ Երկրորդ` իրավական պետությունը և ժողովրդավարությունը անքննելի հիմքերն են Եվրոպայի, այս հարցում որևէ կոմպրոմիս լինել չի կարող։ Այդ թվում` Լեհաստանի նկատմամբ։ Երրորդ` հենց Ավստրիան ու Գերմանիան պետք է ամենայն լրջությամբ հասկանան, որ ԵՄ բոլոր անդամները հավասար ու կարևոր են։ Կենտրոնական ու Արևմտյան Եվրոպան չափազանց հաճախ է վերևից նայում ԵՄ առավել երիտասարդ անդամներին Արևելքից։ Դա հարուցում է պատասխան բացասական հույզեր»` ասում է Կուրցը։ «Բրյուսելում ընդունված որոշումների նկատմամբ իմ ողջ հարգանքով հանդերձ` փախստականների քվոտաները ես չեմ համարում միգրացիոն հարցի հուսալի լուծում։ Խոսքը մարդկանց օգնելու մասին է նրանց ծննդավայրում, ոչ թե անսահմանափակ թվով փախստականներ ընդունելով»։ Ավստրիայի կանցլերի կարծիքով` «Պետություններին փախստականներ պարտադրելու մարտավարությունը ոչնչի չի հանգեցնի։ Եթե շարունակենք այդ ճանապարհով գնալ, ավելի ուժեղ կտրոհենք ԵՄ-ն։ ԵՄ երկրներն իրենք պետք է որոշեն` պատրա՞ստ են փախստականներ ընդունելու և եթե պատրաստ են` քանի՞ մարդու։ Քվոտաների բանավեճն անօգուտ է: Այն միգրանտները, որ ուղևորվում են Եվրոպա, բոլոր դեպքերում չեն ցանկանում հայտնվել Բուլղարիայում ու Հունգարիայում, նրանց վերջնանպատակը Գերմանիան է, Ավստրիան կամ Շվեդիան»։
Սեբաստիան Կուրցը մատնանշում է, որ «փախստականների ու տնտեսական պատճառներով հեռացողների միջև տարբերությունները իսպառ ջնջվել են։ Շատ ավելի կարևոր է մարդկանց օգնել իրենց ծննդավայրերում։ Եթե դա անհնար է, պետք է օգնել հարևան երկրներում կամ մայր ցամաքի անվտանգ շրջաններում։ Հենց այնտեղ ԵՄ-ն պետք է աջակցություն ցույց տա, գուցե ամբողջությամբ գործընթացը տնօրինի ու անվտանգությունը զինվորականների օգնությամբ ապահովի։ Միայն ծայրահեղ դեպքում պետք է դիտարկել մարդկանց Եվրոպա փոխադրելու հնարավորությունը։ Մենք այլևս չենք կարող ընդունել յուրաքանչյուրին, որ անօրինական ճանապարհով հայտնվում է ԵՄ-ում»։
Ավստրիայի կանցլերի գնահատականով` «միգրացիոն հարցում եվրոպական մակարդակով շատ փոփոխություններ են եղել։ Այսօր կա ընկալումը, որ 2015-ին Եվրոպայի ընտրած ճանապարհը սխալ էր։ Հիմա այդ ընկալումից պետք է դուրս բերել որոշակի քաղաքականություն»։ Անդրադառնալով Ավստրիայի աջկենտրոնամետ «Ազատություն» կուսակցության հետ կոալիցիային և այդ հարցում տագնապներին` Կուրցը ասում է, որ նրանք շատ ավելի լավ են կազմակերպված և պետական կառավարման ավելի մեծ փորձ ունեն, քան «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության գերմանացիները։ «Մեր կառավարությանը պետք է շանս տալ և մեր գործերով մեզ գնահատել։ Ցանկացած ընդդիմադիր կուսակցություն փոխվում է, երբ դառնում է կառավարող։ Հենց այդ գործընթացի մեջ է ներքաշված ավստրիական «Ազատությունը»։ Իսրայելի կառավարությունը հրաժարվել է շփումներ ունենալ Ավստրիայի նոր կառավարության «Ազատության» անդամների հետ։ «Մեր կառավարության ծրագրում,- ընդգծում է Կուրցը,- հստակ դիրքորոշում կա Իսրայելի պետության ճանաչման վերաբերյալ։ Ես իբրև դաշնային կանցլեր` փորձում եմ հնարավորինս ձերբազատել Իսրայելին «Ազատությանն» առնչվող նախապաշարումներից»։ Մեկնաբանելով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի` Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումը, կանցլերն ասում է, որ այդ հարցում Ավստրիան կողմնորոշվում է ԵՄ դիրքորոշումով։ «Միակողմանի որոշումն այդ հարցում ոչնչի չի հանգեցնի»` կարծում է Կուրցը։ Կանցլերի կարծիքով` այսօր Ավստրիայում սուր է «արտահանված հակասեմիտականության» խնդիրը. «Միգրացիայի հետևանքով մեզ մոտ հայտնված շատերը հակասեմիտականությանը մոր կաթի հետ են ընտելացել։ Նման կարծրատիպերն այստեղ անընդունելի են»։ Կուրցը նշում է, որ վերջին տարիներին 100 000-ից ավելի մուսուլմաններ են հաստատվել Ավստրիայում։ «Քաղաքական իսլամիզմն Ավստրիայում տեղ չունի»` հայտարարում է կանցլերը։ Նա նաև կարծում է, որ Թուրքիան վերջին տարիներին վարած քաղաքականության պատճառով ԵՄ-ում տեղ չունի. «Ազնիվ կլիներ դադարեցնել ԵՄ անդամակցության բանակցությունները Թուրքիայի հետ»։
Սեբաստիան ՊՖԵՖԵՐ, Ռոման ԱՅՀԻՆԳԵՐ, Մարիոն ՀՈՐՆ, Bild
Հ.Գ. Ցիպրասը` Հունաստանում, Մակրոնը` Ֆրանսիայում, Կուրցը` Ավստրիայում` երիտասարդ քաղաքական գործիչների սերունդը փորձում է Եվրոպայում ճանապարհ հարթել նոր քաղաքականությանը և քաղաքականության նոր ընկալումներին։ Կհաջողվի՞, թե՞ «տարեցները» կճնշեն նրանց, կախված է ոչ միայն նրանց հաստատունությունից, այլև նրանց երկրների քաղաքական ու տնտեսական հզորությունից։ Բոլոր դեպքերում` Ավստրիայի կանցլերը միգրանտների հարցում, որ հանգեցրեց Մեծ Բրիտանիայի բրեկզիտին, իսկ Գերմանիայի` ընտրություններից հետո նոր կառավարություն ձևավորել չկարողանալուն, Լեհաստանի ու Հունգարիայի «ընդվզումներին», միանգամայն ճիշտ դիրքորոշում ունի, բայց նրա առաջարկած տարբերակը շատ ավելի խորքային ու մեծ աշխատանք է պահանջում, քան դռները բացել ու ժամանակավոր կացարան տալը` առանց իսլամի համաեվրոպական տարածման բացասական հետևանքների մասին մտածելու, որ մեկ տասնամյակ հետո կարող են անդառնալի լինել։
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ